Նորություններ

Վադիմ Գուսկով. «Քուվեյթից կրած պարտությունը դաս է, որը պետք է յուրացնենք՝ հայկական հոկեյի ապագայի համար»

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վադիմ Գուսկովը մեկնաբանեց աշխարհի առաջնության երրորդ խաղում Քուվեյթից կրած պարտությունը (4:5, օվերթայմում)

— Ցավոք, հոգեբանորեն ամբողջությամբ չէինք վերականգնվել և չէինք հասցրել մարսել նախորդ հաղթանակը։ Դա պետք էր անպայման անել։ Աշխատանք ենք տարել, թե տեսական, թե զրույցների տեսքով, բայց սա այն դառը դասն է, որը պետք է յուրացնենք՝ հայկական հոկեյի ապագայի համար։ Կրկնեմ՝ ֆանտաստիկ էր 0:4-ից դուրս գալ մինչև օվերթայմ 4:4։ Դա շատ բարձր գնահատականի արժանի է, բայց թիմը դեռ ունի աճելու մեծ պոտենցիալ։

— Ի՞նչ կասեք երկրպագուներին։
— Շատ շնորհակալ ենք տրիբունաներին աջակցության համար։ Նրանք մեզ առաջ էին մղում, ամբողջ ուժով մեզ աջակցում էին ու հավատում մինչև վերջ։ Դրա համար միայն մեծագույն շնորհակալություն ու հարգանք։ Նման մթնոլորտում խաղալը հաճույք է, և մեզ համար շատ ամոթ է, որ չկարողացանք արդարացնել այդքան մարդկանց վստահությունը ու չտվեցինք այն արդյունքը, որը հարկավոր էր։

— Ցավո՞ւմ եք արդյոք, որ հաղթանակի համար տալիս են երեք միավոր։
— Դրա մասին կմտածենք առաջնությունից հետո։ Հիմա իմաստ չկա կենտրոնանալ դրա վրա կամ հաշվարկներ անել։ Ամենակարևորն այս պահին մեր հանդերձարանում է։ Պարզապես պետք է նախապատրաստվել ու տրամադրվել հաջորդ խաղին։ Ոչինչ ավարտված չէ։
Առջևում կարևոր խաղեր են։ Երկու ամենակարևոր հանդիպումներ։ Այստեղ յուրաքանչյուր խաղ ամենակարևորն է։ Ես սա կրկնում եմ ու շարունակելու եմ կրկնել՝ յուրաքանչյուր խաղ կարիերայի ամենակարևոր, ամենաբովանդակալից պահերից մեկն է։

— Ի՞նչ խոսքեր ասեցիք հանդերձարանում։
— Մենք պնդում էինք, որ պետք է մոռանանք ցուցատախտակի մասին, որ պետք է մոռանանք հաշվի մասին։ Կարևորը քայլ առ քայլ վերադառնալ խաղ։ Ամեն մեկը չպետք է մտածի՝ հիմա հերոսանալու է կամ փրկելու է ամբողջ հանդիպումը։ Ամեն մեկը պետք է ազնվորեն կատարի իր դերը։ Եվ հենց այդ պահից թիմը սկսեց աշխատել՝ առանց ավելորդ մտքերի։ Դա էլ թույլ տվեց վերադառնալ խաղ։