Նորություններ

Վադիմ Գուսկով․ «Մեզ դեռ անհրաժեշտ է աշխատել տափօղակի վերահսկման և խաղային կարգապահության վրա»

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը մեկնաբանել է թիմի խաղը աշխարհի առաջնության Մալայզիայի դեմ առաջին հանդիպման ընթացքում (23:4), կիսվել է մթնոլորտից ստացած տպավորություններով, ինչպես նաև խոսել է վաղվա՝ Ուզբեկստանի դեմ խաղից ունեցած ակնկալիքների մասին։

— Շնորհավորում եմ հաղթանակի կապակցությամբ։ Նման վառ մեկնարկ, նման վառ դեբյուտ աշխարհի առաջնությունում։ Սկզբում կցանկանայի հարցնել զգացողությունների մասին՝ երկրպագուների, ֆանների աջակցության։ Կարծում եմ՝ մեզանից շատերը վաղուց նման բան չէին տեսել, իսկ ոմանք՝ ընդհանրապես երբեք։
— Հիանալի, լեցուն տրիբունաներ, շատ բարձր, խաղացողների անուններն աղաղակող, նախապես պատրաստած պաստառներով։ Հին և նոր հոկեյի համազգեստներով։ Շատ մեծ թվով պատանի հոկեյիստներ, որոնք արդեն զբաղվում են այս սպորտաձևով։ Բացարձակ անհավատալի մթնոլորտ։ Իրականում զգում ես, որ սա տան առաջնություն է։ Զգում ես, որ դաշտում չես միայն հինգ խաղացողով ու դարպասապահով, այլ՝ վեցով ու դարպասապահով։ Սա միանշանակ է։ Այդ պատճառով էլ, իհարկե, այս մթնոլորտը, որում ես որպես մարզիչ երբեք նախկինում չեմ եղել։

— Մալայզիայի դեմ խաղի արդյունքը հասկանալի է. մակարդակների մեծ տարբերություն կար։ Կցանկանայի իմանալ՝ ի՞նչ եք կարողացել հասկանալ այս խաղից։ Ի՞նչ վերլուծություն է արվել, ի՞նչ օգտակար եզրակացություններ՝ թիմի համար։
— Մեզ համար դեռ շարունակում է առաջնահերթություն մնալ խաղի վերահսկողության և կարգապահության վրա աշխատանքը, քանի որ բավականին մեծ թվով հեռացումներ եղան։ Այսքան մեծ հաշվի առավելության պարագայում մենք ընդհանրապես չպետք է հեռացումներ ունենայինք։ Դա ինչ-որ տեղ լարվածության հետևանք էր, ինչ-որ տեղ՝ չափազանց մեծ խանդավառության։ Իսկ վերահսկողությունը հենց այն բաղադրիչն է, որով պետք է առաջ շարժվենք։
Խոսել ենք, տայմաուտ ենք վերցրել։ Ընդհանուր առմամբ՝ խաղի ընթացքում տղաները խաղային համակարգի ներսում առաջընթաց են գրանցել, լսում էին։ Մեր խնդիրն է՝ նույն ոճով շարունակել, այնպես, որ իդեալական տարբերակում մենք ունենանք 20 «ռոբոտ», ովքեր սառը գլխով և թեժ սրտով պարզապես կատարում են իրենց գործը։ Դեպի այդ ենք շարժվում։


— Վաղը Ուզբեկստանի հետ հանդիպումն է։ Շատերը սա համարում են մրցաշարի եզրափակիչը։ Բնականաբար, հեշտ խաղեր չկան։ Ի՞նչ «բանալիներ» ունի Հայաստանի հավաքականը հաղթանակի համար։
— Անհրաժեշտ է առաջարկել բարձր տեմպ, շատ հստակ և որակյալ խաղ ցուցադրել պաշտպանական գոտում, ինչպես նաև ճնշում գործադրել մրցակցի պաշտպանների ու դարպասապահի վրա։ Եթե այս ամենը կարողանանք կատարել, և յուրաքանչյուրն իր աշխատանքն անի՝ կենտրոնանալով մանրուքների վրա, ապա միասին լավ արդյունքի կհասնենք։ Ուզբեկստանի հավաքականը շատ ուժեղ թիմ է, հիանալի են վերահսկում տափօղակը դիրքային խաղում։ Շատ լավ են դուրս գալիս գոտուց, ունակ են խաղալ գերակշռությամբ, ունեն որակյալ խաղացողներ։ Մեր հիմնական խնդիրը կլինի կենտրոնացումը, վերականգնումը, նախևառաջ՝ հոգեբանական վերականգնումը։
Հավատում եմ, որ այսօրվա այդ առաջին լարվածությունը, առաջին դողը, երբ դու կրում ես ազգային հավաքականի մարզաշապիկը, լսում ես օրհներգը, տեսնում ես այդ լեփ-լեցուն սահադահլիճը — այս ամենը մենք արդեն ապրել ենք։ Իսկ վաղը ես թիմին կպահանջեմ մտածել, որ սա պարզապես հերթական հոկեյային խաղն է, որը նախևառաջ ընթանում է յուրաքանչյուր մարզիկի գլխում։ Սա է ամենակարևորը։